Գլխավոր Հասարակություն 

Աչաջրի ծննդատունը չպետք է փակվի, սա մեր խնդրանքը չէ, այլ պահանջը՝ որպես սահմանապահ քաղաքացիներ. Տավուշի թեմի առաջնորդ

analitik.am

ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Վերջին օրերին Սուրբ Ծննդյան տոները հանրային կյանքում «նշանավորվեցին» մեր երկրում մի քանի շրջաններում ծննդատների փակման բոթով: Անշուշտ, առողջապահության նախարարն ու նախաձեռնության մեջ ներգրավվածները այն բնորոշում են ոչ թե փակում կամ լուծարում՝ այլ ուժեղացում, վերջնարդյունքում հանգելով նույն եզրակացությանը կամ որոշմանը՝ փակելով կամ լուծարելով ծննդատները:

Արդարության դեմ չմեղանչելու համար շեշտենք, սակայն, որ թերևս մեր բոլոր ծննդատներում էլ խնդիրներ կան, որոնք, հավանաբար, չեն համապատասխանում ներկայիս չափանիշներին, և՛ հարկ է և՛ անհրաժեշտ ծնելիության անվտանգությունը ապահովել կամ վերացնել անընդունելի մահացության դեպքերը: Բայց միթե՞ լուծումը առողջապահության նախարարության առաջարկած կամ արդեն իսկ որոշած տարբերակն է և այլ մոտեցում գոյություն չունի: Սա նման է նրան, որ հիվանդին բուժելու բոլոր միջոցները գործադրելու փոխարեն նախընտրություն տրվի նրան սպանելուն, որովհետև բուժման գործընթացը երկար է և թանկ: Իսկ ամենակարևորը, արդյո՞ք նախաձեռնությունը դրսևորվում է ըստ խնամքով և մանրակրկիտ մշակված, քննարկված և որոշված (եթե այդպիսին գոյություն ունի) առողջապահության ազգային ծրագրի հայեցակարգին կամ ռազմավարությանը համապատասխան թե՞ պարզապես գործադրվում է դրվագային «այսպես կամ այնպես լավ կամ վատ կլինի» կիլոմետր կամ ժամային հեռավորության, մարդկային կյանքը որպես թվանշան նկատելու մոտեցումով: Ի՞նչ չափման միավորներով են որոշվել փակել նախանշված ծննդատները՝ նկատի ունենալով մահացության դեպքերը՞, առողջապահության գործունեության համար կարևորագույն բաղադրիչներ հասանաելիությունը՞, մատչելիությունը՞, արձագանքելու ունակությունը՞, թափանցիկությունը՞, ծառայությունների որակը՞, բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը՞ և այլն, թե՞ պարզապես ցանկությունը, ժամային և աշխարհագրական հեռավորությունները, ֆինանսական սղությունը և օպտիմալացումը:

Առավել չերկարելով վերոբերյալ հարցադրումների շարքը ուղղակիորեն ցանկանում եմ նշել, որ մեր մտահոգությունը վերաբերում է Տավուշ աշխարհի՝ Աչաջուր համայնքում գործող ծննդատան շուրջ ծագած խնդրին, որն արդարացի հուզումների տեղիք է տվել ոչ միայն մասնագիտական, այլև ազգաբնակչության շրջանում:

Հարկ է նշել, որ Աչաջուր համայնքում տեղակայված ծննդատունը իր բարի համբավի շնորհիվ ծառայում է ոչ միայն տվյալ համայնքին, այլ աշխարհագրական լայն շառավիղ է ներառում՝ սպասարկելով գրեթե բոլոր սահմանապահ համայնքները մինչև Նոյեմբերյանի և Շամշադինի շրջանի գյուղեր և համայնքներ: Գոնե վերջին հինգ տարիներին չի գրանցվել մահացության ոչ մեկ դեպք ի շնորհիվ բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածության: Այո, ծննդատունն ունի որոշ տեխնիկական և սարքավորումների խնդիր և պահանջ, ինչպես նաև ոչ մնայուն, այլ հրավիրյալ անեսթեզիոլոգ: Ինչպես մյուս բոլոր ծննդատներում, հատկապես ծնելիության անկման և ժողովրդագրական վիճակի հետ կապված, այստեղ ևս ծնունդների թիվը նվազել են՝ 160ից հասնելով 80-ի, որը սակայն դարձյալ բարձր ցուցանիշ է համեմատության և համամասնության մեջ դիտարկված:

Այս լույսի ներքո քննելով ծննդատունը լուծարելուն միտված ներկայացված փաստարկ-պատճառաբանությունները (տեխնիկական հագեցվածությունը, Իջևանից 15կմ հեռավորությունը, կադրային խնդիրը՝ հրավիրյալ անեսթեզիոլոգի պարագան, ծնելիության սակավությունը և ֆինանսական սղությունը և այլն) մեղմ ասած անհիմն են, որոնց կփորձեմ շատ ամփոփ անդրադառնալ.
ա) տեխնիկական հագեցվածությունը - սա բացառապես առողջապահության նախարարության լուծելիք խնդիրն է և պատասխանատվությունը, որը հստակ ռազմավարության կամ առողջապահության քաղաքականության մաս պետք է կազմի՝ հատկապես հզորացնելով այն բուժհաստատությունները, ինչպիսին է Աչաջրի ծննդատունը, որոնք կենսական խնդիրներ են լուծում ոչ միայն բուժօգնության, այլև մատչելիության, հասանելիության, արձագանքելու ունակության, ծառայության որակի, կարիքների և ակնկալիքների բավարարման, սահմանային անվտանգության, սոցիալ-հոգեբանական առումով:

բ) Իջևանից 15կմ հեռավորությունը - նախ ինչպես նշեցինք Աչաջրի ծննդատունը սպասարկում է ոչ միայն համայնքին, այլև համայնքների բավականին լայն շրջանակ է ներառում և հետևաբար 15կմ-ն դառնում է 30, 40 և 50 կմ: Այսպիսով, խախտվում են առողջապահական քաղաքականության կարևորագույն բաղադրիչները մատչելիությունը, հասանելիությունը և արձագանքելու կարողությունը: Եթե հավելենք, որ նախածննդային շրջանում նվազագույնը անհրաժեշտ է երեք այցելություն հետազոտության համար, ապա ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում այն ամբողջովին կդառնա անմատչելի և անհասանելի:

գ) կադրային խնդիրը - մնայուն անեսթեզիոլոգի բացակայությունը որպես փակման պատճառաբանության դիտարկումը պարզապես անհասկանալի և անընդունելի է: Կադրերի սղությունը հիմնական խնդիր է գրեթե բոլոր բուժհաստատություններում՝ թերևս, բացառությամբ մի քանիսի: Սա ևս միանշանակ առողջապահության նախարարության պատասխանատվությունն է: Հետևաբար, անհրաժեշտ է նախ նպաստել մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրերին և ապա լավագույն մասնագետների համար հնարավորություններ և միջոցներ ստեղծել իրենց մասնագիտական կարողությունները ներդնելու հատկապես մարզային՝ այս պարագային սահմանային գոտիներում, եթե իհարկե վերջինս որևէ նշանակություն ունի առողջապահության ընդհանուր հայեցակարգի կամ ռազմավարության համար:

դ) ծնելիության սակավությունը - սա ամենացավոտ և ամենառանցքային խնդիրն է, որը դարձյալ բացարձակապես առնչություն չունի Աչաջրի կամ որևէ ծննդատան գործունեության հետ: Այն, ցավալիորեն համընդհանուր խնդիր է, ուղղակիորեն կապված երկրի ժողովրդագրական վիճակի և ընդհանրապես ծնելիության մակարդակի հետ: Այսուհանդերձ, Աչաջրի ծննդատունը մեկ նեոնաթալ մասնագետով միայն անցնող տարի 80 ծնունդ է ապահովել, հետևաբար ավելացրեք ևս մեկ մասնագետ և կրկնապատկեք ծնունդների թիվը: Այսինքն, փոխարեն մտածելու փակելու մասին, հակառակը՝ բոլոր հնարավոր միջոցներով և պատասխանատվությամբ զարգացրեք թե՛ սարքավորումներով թե՛ հնարավորություններով և թե՛ մասնագետների ներգրավածությամբ արդեն իսկ բարձր ցուցանիշներ արձանագրած բուժկենտրոնը:

Այսօր՝ փակելով Աչաջրի ծննդատունը, և ծառայությունը տեղափոխելով Իջևան, որն ի դեպ ևս կարիք ունի վերազինման, վաղն էլ պատճառաբանելու եք, թե Իջևանի կենտրոնը ևս չի բավարարում պահանջներին և բնականաբար տեղափոխելու եք Դիլիջան, (որն ընդամենը 30 կմ է հեռու Իջևանից դարձյալ պատճառաբանությունների շարքից) և ապա Վանաձոր, որի մասին արդեն իսկ խոսվում է (նեոնաթալ կենտրոնացված ծառայությունների իմաստով): Այո՛, Տավուշում , որպես սահմանային գոտի, հարկավոր է և պարտադիր և երկրորդ կարգի և երրորդ կարգի բուժհաստատության ծննդատուն և դրա պատասխանատուն ռազմավարություն և քաղաքականության մշակողն ու թելադրողը դարձյալ առողջապահության նախարարությունն է: Եթե առողջապահության նախարարությունը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել այս ուղղությամբ, ապա իրավունք չունի խոսելու կենտրոնացված համակարգի մասին և ժամ առաջ պետք է քաղաքականություն մշակի ապակենտրոնացնելու ամբողջ համակարգը իրեն վերապահելով սոսկ վերահսկողի դերը:

ե) ֆինանսական - իմ կարծիքով այս ամբողջ պատմության պատճառը և առանցքը ֆինանսական է և այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը:
Ճիշտ է ասված, որ “առողջությունն անգին է”, բայց հավասարապես ճիշտ է, որ այն նաև թանկ է: Այսօր դա ամենադժվար համաշխարհային խնդիրներից մեկն է նույնիսկ առավել զարգացած երկրներում: Մինչ օրս որևէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այցելուի ակնկալիքները կամ կարիքները լիովին բավարարելու համար: Սակայն, արդար ֆինանսավորման, հավասար բաշխման և առկա ռեսուրսների տեղաբաշխման համընդհանուր մարտահրավերները նույնն են մնում բոլոր մոդելների և սխեմաների համար` լինեն դրանք հարուստ կամ աղքատ երկրներում: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը և կայունությունը, մշտադիտարկումը և թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են: Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները և օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս:

Այն ներառում է արդար բաշխման հարցը, քանի որ առողջապահական ռեսուրսները գրեթե միշտ սակավ են` կարիքի հետ համեմատ: Այսու չափազանց կարևոր է, որ առողջապահության ոլորտի ղեկավարությունը վերը նշված խնդիրներից խուսափելու համար լիովին ընկալի կազմակերպության տեսիլքը և արժեքների վրա հիմնված առաքելությունը` հասկանալով, որ ցանկացած որոշման հիմքում բարոյագիտական խնդիր է առկա և գործի համապատասխանաբար: Բարոյագիտական ճշգրիտ որոշումների կայացման համար խորը քննություն, փորձառություն և երկխոսություն է պահանջվում և այն լավագույնս կարելի է ուսանել հիմնարար, կայուն արժեքների և կառավարման՝ բարոյագիտության առումով փորձ ունեցող անձանց միջավայրում:

Առողջապահության համակարգի հիմնական մտահոգությունն ու առանցքը մարդն է և պետք է լինի մարդը և պետք է այն դիտարկել բարոյագիտական, աստվածաբանական, հասարակագիտական և երկրի համար անվտանգության տեսանկյունից և ոչ թե չափել կմ-ով, ժամով, ֆինանսների անհամպատասխանությամբ:

Առողջապահության նախարարությունը կոչված է քաղաքականություն մշակելու և առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող քաղաքացիների կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաև Աչաջրի ծննդատունը, հետևաբար այն ոչ թե պետք է փակվի կամ լուծարվի, այլ պետք է խրախուսել և առավել ջանքեր ներդնել այն զարգացնելու, ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Սա մեր խնդրանքը չէ, այլ պահանջը, որպես սահմանապահ քաղաքացիներ:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)
Առաջնորդ Տավուշի թեմի

Նույն շարքից