«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ քննարկմանն ու քվեարկությանը, ասաց, թե խիստ ցավալի պատկեր էր. «Որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանը չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն, սա խոսում է այն մասին, որ ունենք ընդամենը իշխանությունը պահելուն ուղղված ճոճանակային դիվանագիտություն»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ Ազգային ժողովում ով կողմ է, նա միանշանակ կողմ է քվեարկում, մնացած դեպքերում ով ինչպես արձագանքում է՝ չքվեարկել, դեմ լինել, ձեռնպահ մնալ, դա արդեն որոշակի բացասական վերաբերմունք է, որ արտահայտվում է:
«Մի քանի խնդիրներ կային, որ անպայման անհրաժեշտ էր հաշվի առնել: Եթե սա տնտեսական պայմանագիր էր, ապա այն մեզ ո՛չ ձեռնտու էր, ո՛չ էլ՝ շահավետ: Այստեղ ներդրումներ չեն լինելու, այն պարագայում, երբ Ասոցացման պայմանագրին միանալու դեպքում բոլորովին այլ էր լինելու: Հայաստանը ռեսուրսազրկվելու է և՛ ֆինանսական հարցում, և՛ մարդկային: Գնաճային ճնշումները շատ մեծ լինելով, ինչպես նաև աշխատանքի բացակայությունը կբերի նրան, որ Հայաստանի քաղաքացիները գնալու են այնտեղ, որտեղ ճնշումն ավելի թույլ է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Լրագրողի հարցին, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին շանտաժ արվել է, որպեսզի մաս կազմի ԵՏՄ-ին, բանախոսը պատասխանեց. «Եթե Հայաստանի նկատմամբ շանտաժ է արվել, ապա արվել է նրա համար, որ չստորագրվի Ասոցացման պայմանագիրը, բայց շանտաժ չի արվել, որ անպայմանորեն միանա Եվրասիական տնտեսական միությանը»: