Հայաստան 

Կգա ժամանակ, որ թուրքերն իրենք ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշարձանին. Արա Աբրահամյան

«Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումներին Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, թե կգա մի ժամանակ, որ թուրքերն իրենք ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշարձանին։

«Այո, վստահ եմ, այդ ժամանակն էլ կգա, և աշխարհը կընդունի դա»,-ասաց նա:

Արա Աբրահամյանը հատուկ շնորհակալություն հայտնեց լսումներին ներկա Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին,  Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչին: Արա Աբրահամյանը շեշտեց, թե հրեաները հայերից լավ գիտեն՝ ինչ է Ցեղասպանությունը, և չկա մի երկիր, որտեղ չլինեն հայեր ու հրեաներ: Նա կոչ արեց երկու ժողովուրդներին ուժերը համատեղել, ընդունելու անցյալում կատարած ցեղասպանությունները և կանխելու ապագայում դրանց հնարավորությունը:

«Ցեղասպանության խնդիրը կա, որը հայերի համար անվտանգության խնդիրն է»,-ասաց նա և հաստատեց, թե անցյալը չմոռանալով՝ պետք է ներկան կառուցել:

«Ցեղասպանությունը անցյալ չի կարող լինել, պետք է ընդունվի ցեղասպանության խնդիրը, որ մենք կարողանանք մեզ անվտանգ զգալ»,-ասաց նա:

Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը իր ելույթում նշեց, որ ինքը, որտեղ էլ լինի, հարգանքով է վերաբերվում հայերին և ամեն ինչ կանի՝ հայկական հարցը բարձրացնելու համար:

Վադիմ Ռաբինովիչը համաձայն է Արա Աբրահամյանի հետ, որ առանց անցյալի ապագա չկա, բայց նկատեց, թե ինքն այդքան էլ շատ չի փորձում հիշել անցյալը և ավելի հակված է ջանքերն ուղղել դեպի հաջորդ օրվան:

«Պետք է աշխատել միասին և ատելությունը մեզանում վերացնել»,-ասաց նա և հավելեց, թե իրենք ամեն ինչ կանեն, որ աշխարհը ցեղասպանությունների ժխտմանը մի քայլ մոտ լինի:

Նույն շարքից