Ուրուգվայի իշխանությունների ցանկությունն է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այս մասին Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիոլ Աստորին: «Մեր երկրների միջև առկա են շատ ջերմ հարաբերություններ, դա դեռ 1920 թվականին է դրվել՝ ազգերի լիգայի կազմակերպության ժամանակ, այնուհետև մեր հարաբերությունները թևակոխեցին շատ կաևոր շրջան, երբ Ուրուգվայը 1965 թվականին ճանաչեց Ցեղասպանությունը, իսկ 1991-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը: Այսօր մեր ցանկությունն է Հայաստանի հետ հարաբերությունները շարունակել տարբեր ոլորտներում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, որոնք ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները»,- նշեց Աստորին:
Աստորին կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանն ամեն ինչ անում է հիշողությունները վառ պահելու համար, քանի որ հիշողությունն այն երևույթն է, որի միջոցով կարելի է կերտել ապագան, ինչպես նաև չմոռանալ անցյալը:
Նա նաև ընդգծեց, որ որպես փոքր երկիր Ուրուգվայը կողմնակից է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: «Ուրուգվայը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ և ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր հակմաարտությունները խաղաղ կարգավորում ստանան»,- նշեց նա: