Հայաստան 

ԱԺ նախագահը խոսել է Իսրայելի հետ Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումների անհրաժեշտության մասին

Իսրայելական շրջանակներում ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում Հայոց ցեղասպանության 100-րդ տաերլիցի կապակցությամբ այն ճանաչելու մասին: Այս մասին Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին: «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք իսրայելական կողմի հետ սկսենք քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իսրայելի ժողովուրդը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես արդեն ասացի, որ շատ երկրներ Ցեղասպանությունն ընդունում են, սակայն, քաղաքական և տնտեսական նկատառումներից ելնելով, չեն ճանաչում Ցեղասպանությունը: Մենք պետք է հասկանանք, որ այս առումով, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը, յուրաքանչյուր պետություն դրա համար պետք է հարմար ժամանակ ընտրի»,-նշեց Սահակյանը՝  տեղեկացնելով, որ հունվարին հայ պատգամավորների մի խումբ կմեկնի Իսրայել, և նրանք կփորձեն հասկանալ իրավիճակը:


Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումներին մասնակից կլինեն նաև Իսրայելի ներկայացուցիչները: «Նույնիսկ եթե այս փուլում Իսրայելը չճանաչի Ցեղասպանությունը, ես կարծում եմ, որ այդ իմաստով մեր համագործակցությունը կակտիվանա,  և մենք էլ մեր հերթին փորձում ենք նպաստել այդ ակտիվացմանը և Իսրայելին մասնակից դարձնել մեր բոլոր միջոցառումներին»,- նշեց ԱԺ նախագահը:

Նույն շարքից