Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, հույն ու ասորի փոքրամասնությունների ոչնչացումը դատապարտող հայտարարության տեքստը պետք է լինի այնպիսին, որ դրան կողմ քվեարկեն բոլոր պատգամավորները: Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Կարծում եմ, որ գաղափարն ընդունելի է: Երբ մենք ասում ենք Հայոց ցեղասպանություն, այդ հարցն ընդգրկուն է, քանի որ եղել է նաև հույների և ասորիների ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է կարողանանք մեր դիրքորոշումը հայտնել աշխարհին ընդհանրապես ցեղասպանությունների առումով»,- նշեց Սահակյանը:
Նա ընդգծեց, որ այսօր այդ հայտարարության տեքստի վրա աշխատում են ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ: «Ես չեմ կարծում, որ այդ հայտարարության տեքստը պետք է շատ ծավալուն լինի, սակայն գաղափարը պիտի ընդունելի լինի բոլորի համար, ընդ որում` 131 պատգամավորների համար: Դա էր պատճառը, որ Զարուհի Փոստանւյանն ընդունեց իմ առաջարկը և հետ վերցրեց իր նմանատիպ նախագիծը»,- հայտնեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը տեղեկացրեց նաև, որ հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին մասնակցում է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: