Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանում ԵՄ դեսպանը՝ ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

analitik.am

Եվրոպական միությունը, մյուս միջազգային կառույցների նման, ուշի ուշով հետևում է զարգացումներին, ընթացքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը մենք չենք մեկնաբանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ խոսելով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների և այն պնդումների մասին, որ ՍԴ նախագահի նկատմամբ հետապնդում է իրականացվում:

«Մեկ բան միայն, որը կարևոր է. Տեղյակ ենք, որ Արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի հետ»,-ասաց դեսպանը:

Դիտարկմանը, որ նախկին իշխանությունների օրոք նմանատիպ իրավիճակներում դեսպանությունը հայտարարություններ էր անում ու մտահոգություններ հայտնում, և հարցին, թե ինչու այս դեպքում դրանք չկան, դեսպանը հայտարարեց, որ նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց մասին չի կարող խոսել. «Ես կարող եմ միայն կոնկրետ գործերով խոսել: Ես խիստ կզարմանայի, եթե կոնկրետ ընթացող գործերի մասով միջամտություն եղած լինի: Սակայն ասեմ՝ մենք տեսնում ենք, որ դատական իշխանության բարեփոխումների ուղղությամբ կան էական ջանքեր, որոնց սատարում ենք: Այդ հանգամանքը մեզ համար շատ կարևոր է»:

Դեսպանը նշեց, որ Հայաստանում ընդհանուր առմամբ աշխատել է ավելի քան 10 տարի. «Նույնիսկ մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ եմ աշխատել: Ես կարող եմ ընդգծել՝ հիմա տեսնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում, և այս ուղղությամբ համագործակցություն կա միջազգային կառույցների հետ»:

Նույն շարքից