Հասարակություն 

Կարելիա էտ առաջարկողին կապել բալոնին ու վինտիլը բացել․ Վարորդները՝ 7 տեղանոց մեքենաների տանիքին գազաբալոններ տեղադրելու առաջարկի մասին

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը առաջարկում են «Տրասնպորտի մասին» օրենքում լրացում կատարել: Նախագծով նախատեսվում է, որ 7 (ներառյալ՝ 6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը կթույլատրվի տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, և այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքը ընդունելու դեպքում 6 ամիս ժամանակահատված կտրամադրվի այս օրենքով սահմանված տրանսպորտային  միջոցներին վերասարքավորվելու համար:

Խմբերից մեկում քննարկում են 6 և ավելի նստատեղ ունեցող մեքենաների գազաբալոնները մեքենայի տանիքին տեղադրելու հարցը: Օգտատերերից մեկը նշում է. «Կարելիա էտ առաջարկողին կապել բալոնի վրա մի քիչ տավոտ քսել վինտիլին ու վինտիլը բացել»: Մեկ այլ օգտատեր գրել է. «Երևի մտածել են, որ տրաքի մեքենային քիչ վնաս հասցնի, բայց չեն հաշվարկել, որ տրաքելուց շրջակա միջավայրին մեծ վնաս կհասցնի, իսկ մեքենայի տակը տեղադրելով ռիսկը` հավանական վնասը միայն տվյալ մեքենային կհասցվի: Եթե էսքանը չեն հաշվարկել ի՞նչ դուխով են որոշում կայացնելու ու ստիպեն մեքենաներին վերասարքավորել: Բա չեն մտածում, որ էդ մեքենան փորձի սահմանն անցնել դեպի այլ երկիր հաստատ կարգելեն»:

Վարորդ-օգտատերերի կարծիքները սկսվում են՝ «էշի երկիր ա» արտահայտությունից մինչև պատգամավորները «պարապ են մնացել»:

Օգտատերի մի խումբ համոզված է, որ նման «տանքիով» որևէ այլ երկիր չեն թողնի 6 տեղանոց մեքենան մուտք գործի: Նշենք, որ արտագնա զբոսաշրջային որոշ ուղղությունները Հայաստանից դուրս են և սպասարկում են 6 և ավելի տեղանոց ավտոմեքենաներով: Իսկ թե ինչպես է լուծվելու այս հարցը՝ դեռևս պատասխան չկա:

7 տեղանոց մեքենայի վարորդ Հարությունը Analitik.am-ի հետ զրույցում մի քանի կետ նշեց, ըստ որի 7 տեղանոց մեքենաների տանիքին գազաբալոններ տեղադրելը վտանգավոր է:

«Առաջինը մեզ մոտ ամառը շատ շոգ է, իսկ ես իմ մեքենայով զբոսաշրջիկների եմ տեղափոխում: Եթե գազի բալոններում ճնշումը բարձր լինի, հավանականությունը մեծ է, որ արևի տակ դրանք ուղղակի կտրաքեն: Հետո, եթե հետևից մեքենա խփի, տանիքի բալոնները կթռնեն մեքենայի վրայից»,-ասաց նա և հավելեց, որ շատ սխալ է նման որոշում ընդունելը, քանի որ շատ հանգամանքներ հաշվի չեն առել:

Ամենակարևորը, ըստ նրա, ճանապարհի ոլորաններին մեքենան կարող է շուռ գալ՝ տանիքի բալոնների ծանրությունից:

«Մեր երկիրը լեռնային է, ոլորաններ շատ կան, ամեն անգամ ես պիտի վախենալով քշեմ, մտածեմ, որ ամեն անկյունում ոլորան է՝ հանկարծ դեմս մի ավտո դուրս չգա, հատկապես ոլորաններին: Էս բա ինչի՞ հաշվի չեն առել»,-հարցրեց Հարութը:

Նա նաև չի հասկանում, թե ինչպես են տեղադրելու, կարծում է, որ մեքենայի տանիքը պետք է ծակեն, որ կարողանան երկաթներով ծանր բալոններն ամրացնեն տանիքին:

«Ու հետո, ես արդեն ունեմ գազի բալոն, պիտի տանեմ փոխեմ, դնեմ տանիքին, ու դա փող արժի: Բոլորը մտածում են, թե ժողովրդին ոնց թալանեն, ոնց փող աշխատեն մեր վրա»,-ասաց վարորդը և հավելեց՝ եթե մեքենաի ծանրությունը ներքևում է՝ մեքենան չի օրորովի, իսկ եթե ծանրությունը վերևում է՝ անընդհատ կօրորվի։ Դրանով էլ վտանգավոր է մեքենայի տանիքին գազաբալոն տեղադրելը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից