Այսօր Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում անցկացվել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:
Այս մասին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։
Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Ծառայության 16 նորանշանակ հարկադիր կատարողներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրանք հունի մեջ կմտնեն ու արժանապատվորեն կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին:
«Այս Սուրբ վայրում երդվելն էլ ավելի պարտավորեցնող է: Դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, ինչը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Ուսադիրը պարտավորեցնում է հատուկ վերաբերմունք ունենալ մեր պետության և քաղաքացու նկատմամբ, դուք պետք է սպային արժանի վարվելակերպով կարողանաք վայելել քաղաքացու հարգանքը: Յուրաքանչյուրիդ վերաբերմունքը և շփումը քաղաքացիների հետ կարծիք է ձևավորելու Ծառայության մասին: Արդեն պետական ծառայողներ եք, ինքներդ եք ընտրել այդ ճանապարհը, որը պետք է անցնեք գլուխներդ բարձր պահած: Վստահ եմ, որ կարճ ժամանակահատվածում կինտեգրվեք մեր ընտանիքին՝ Հարկադիր կատարման ծառայությանը, և այն բոլոր խնդիրները, որոնք դրված են պետության կողմից մեր ուսերին, կարողանանք շարունակել հավուր պատշաճի իրականացնել: Այսինքն` ձեզանից յուրաքանչյուրը որպես մեծ ընտանիքի անդամ պետք է կարողանա իր ուսերին կրել ընդհանուրի բեռը: Շնորհավորում եմ և ցանկանում, որ դուք կարճ ժամանակահատվածում կարողանաք հասկանալ այն լրջությունը, որ պետք է ունենա պետական ծառայողը՝ սպան»,- ասել Միհրան Պողոսյանը՝ մաղթելով նրանց վճռականություն և քաղաքացիական ու մասնագիտական պարտքի զգացում կատարվող աշխատանքներում:
Երդման արարողության ժամանակ նորանշանակ սպաներին հանձնվել են ծառայողական վկայականներ: