Հասարակություն 

Վարչապետի ցուցաբերած վերաբերմունքը պայմանավորված էր վերջերս Աննա Հակոբյանի մասին բարձրաձայնածս կարծիքով. Մանուել Մանուկյան

analitik.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իմ քայլը խմբակցության հետ: Հանդիպման ավարտից հետո վարչապետը հեռացավ՝ լրագրողների հարցերն անպատասխան թողնելով: Նա չպատասխանեց նաև ապրիլյան պատերազմի մասնակից, «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման» ղեկավար Մանուել Մանուկյանի հարցին, ով Հայաստանում 2018 թվականի հայտնի օրերին նույնիսկ ելույթ է ունեցել հարթակից:

Analitik.am-ի հետ զրույցում պարոն Մանուկյանը նշեց, որ իր համար շատ վիրավորական էր վարչապետի արհամարհանքը. «Անկախ վարչապետի արհամարհական վերաբերմունքից, միևնույն է մենք մեր պահանջը ներկայացնելու ենք, կապ չունի նրանք դրանից դժգոհ կլինեն, թե՝ ոչ: Մեզ համար երկրի խնդիրն ավելի կարևոր է: Վարչապետին միայն մի պապկա պետք է փոխանցեինք, որի մեջ այն պետական պաշտոնում հայտնվածների նկարներն էին, ովքեր Սորոսի հիմնադրամից գրանտներ են ստանում ու փոխարենն այլասերում քարոզում, հայ ավանդական ընտանիքի մոդելը քայքայում, բանակը թուլացնում: Մենք հեղափոխություն ենք արել, որ այդ «կառույցներն» ավելի ամրանան, ոչ թե եսիմ ինչերը թուլացնեն դրանք:

Նկարներում պատկերված էին Զարուհի Բաթոյանը և իրա նման շատ էլի պաշտոնյաներ:

Մենք հեղափոխության մասնակիցներ ենք և դեմ ենք նրանց նմանների պաշտոնավարմանը»:

Մեր զրուցակցի խոսքերով, իրենց հիմնական պահանջն այն է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, ովքեր ֆինանսավորվում են օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, երկիրն ու ազգային արժեքները վտանգի տակ չդնեն. «Թող այդ կեղտոտ օտարերկրյա բարքերով չառաջնորդվեն: Մենք ուզում էինք վարչապետին տեղեկացնել մեր մտահոգության մասին, բայց նա չլսեց: Ասեմ, որ այսքան ժամանակ նման դեպք չէր եղել, նա երբեք չէր արհամարհել:

Իմ կարծիքով վարչապետի ցուցաբերած վերաբերմունքը պայմանավորված էր վերջերս Աննա Հակոբյանի մասին բարձրաձայնածս կարծիքով: Ես միայն ասել էի, որ պաշտոն ստանալուց հետո մարդիկ փոխվում են, որովհետև գտնվելով ֆինանսապես ոչ բարոք վիճակում, ուսմանս վարձի համար դիմել էի նրանց, սակայն նրանք չէին օգնել: Հետո իմացա, որ նրանք ֆինանսավորել են Լևոն Տեր Պետրոսյանի թոռան վարձը»:

«Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման» ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչապետին ներկայացնելու էր նաև անապահով ընտանիքների հարցը. «Ներկա իշխանություններն ասում են, թե այսքան գումար ենք հետ բերել բան ենք արել, բա թող բաժանեն անապահով ընտանիքներին, կամ այդքան պարգևավճաներ իրենք իրենց բաժանելու փոխարեն, թող մի մասը նրանց տան: Այն երեխաները, ովքեր հետո մեր զինվորները պետք է դառնան, խնդիրներ ունեն: Այդքան ուղիղ եթերներ ենք անում, դիմում ենք, սակայն ոչ մի պաշտոնյա չի արձագանքում: Միայն մի բան կասեմ, մենք թույլ չենք տալու մեր արժեքներն ու քրիստոնեությունը շփոթեն:

Ես հրաժարվում եմ հեղափոխության իմ պայքարից, որովհետև այն ուղղված էր լավ հայրենիք ունենալուն, ոչ թե այլասերվածություն քարոզողների գործունեությանը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից