Հասարակություն 

Խնածախում 2 տարի առաջ հրդեհից տուժած 4 ընտանիք դեռևս անտուն է

2018 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 02:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում տուն է այրվել: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:

Analitik.am-ի հետ զրույցում տեղի խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ թվով 4 ընտանիք դեռևս տուն չունի, քանի որ հրդեհից տունը և կահ-կարասին ամբողջությամբ այրվել է՝ մնացել են միայն տների կիսաայրված պատերը: Նա նաև նշեց, որ հրդեհից հետո Սյունիքի մարզպետը հանդիպել է այրված տների բնակիչների հետ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս հանդիպել է, բարերարներ կան, ովքեր ցանկանում են օգնել:

«Ես համայնքապետարանի սուղ միջոցներից յուրաքանչյուր տանը 100 000 դրամ եմ տվել»,-ասաց Շադունցը և հավելեց, որ մեկ տան տերը Գերմանիայում է, Խնածախում այրվել էր նրա հայրական տունը, մեկ տան բնակիչը  հոգեբուժական դիսպանսերում է, ներկայումս այնտեղ է ապրում, իսկ երկու ընտանիքները՝ հարազատների տներում:

Համայնքապետը տեղյակ էր, որ 5 շունչ մեկ ընտանիքում էր, 4 շունչ մեկ ընտանիքում, ընտանիքներից մեկում այս ընթացքում նոր անդամ է լույս աշխարհ եկել:

Իսկ թե ինչպես է պատահել հրդեհը և ինչ է եղել, Շադունցն ասաց, որ հրդեհը բռնկել է գիշերը, թեև գյուղի բնակիչները և հրշեջներն ամեն ինչ արել են, սակայն հրդեհից հետո գրեթե ոչինչ չի մնացել:

«Խնածախում խմելու ջուր չկա, խորքային հորից են ջուր ստանում, ու ժամով: Բացի այդ, տարին երաշտային էր»,- ասաց նա և հավելեց, որ Խնածախի այդ թաղամասում տները խիտ են, կողք կողքի և բավականին հին են:

Հարցին՝ ինչ է արվելու, որպեսզի թեկուզ այս երկու ընտանիքը ծածկ ունենան, Շադունցն ասաց, որ համայնքապետարանը մեծ ռեսուրսներ չունի, նախորդ տարի մանկավարժ Բաղդասարյան Վարդանին օգնելու համար աշխատողներ է տրամադրել և ավտոմեքենա, նաև 2 տոննա ցեմենտ, որը չի վերցրել, ցեմենտը տվել են հրդեհից մյուս տուժածին`Անդրանիկ Առաքելյանին:

Համայնքապետը չի բացառում, որ մարդիկ նեղացած են, քանի որ մինչև հիմա չի լուծվել նրանց տան խնդիրը. «Կարող է նեղացած են, կարող է ես էլ լինեի՝ նեղանայի, չեմ կարող ասել»:

Շադունցը նաև հաղորդեց, որ առաջարկել են գյուղում տուն գնել և տալ հրդեհից տուժածներին, սակայն նրանք չեն համաձայնել, իրենց տունն են ուզում կամ գումարը. ընդհանուր հայտարարի չեն եկել:

«Խնածախում շատ տներ կան վաճառքի, սակայն այդ մարդիկ չեն համաձայնել այլ տուն գնել, դիմել են մարզպետին, վարչապետին: Որ այդ մարդիկ տուժել են՝ խոսք չկա, բայց նրանք միայն գումարն են ուզում»,-ասաց Շադունցը և վստահեցրեց, որ հունվարի վերջին Սյունիքի մարզպետը կհանդիպի հրդեհից տուժածներին և նրանց բնակարանների խնդրին լուծում կառաջարկի:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից