Հասարակություն 

Սթափվե՛լ է պետք. ու՞մ էր պետք այս երիտասարդ մարդու արյունը. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր էջում գրում է. «Սթափվե՛լ է պետք: Ու՞մ էր պետք այս երիտասարդ մարդու արյունը:

Արյունով քաշված գծի տարբեր կողմերում թշնամանքն է ու ատելությունը:

Այսպես հասարակության մեջ վախի ու կասկածի մթնոլորտ ստեղծելով՝ մենք փակում ենք պատուհանից մեր տուն եկող լույսի ճանապարհը, որ միշտ մնանք խավարի մեջ:

Սա մեր բոլորիս ու հատկապես մեր փոքրիկ հայրենիքի համար սարքվող ծուղակ է, որ ազգովի «ինքնասպան» լինենք…

Ժողովրդից ու պետությունից այսպես «վրեժ» լուծելու ձևը չափից դուրս դառնացած ու չարացած, ամեն ինչ կորցրած ու կործանված մտածողության արգասիքն է:

Երբ արսենալում եղած միջոցներից ընտրվում է արյունը՝ որպես ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հնար, արդեն պարզ է, որ դրությունն իսկապես եղել է կրիտիկական:

Պետք չէ ամեն ինչ դարձնել լինել-չլինելու հարց, կյանքի ու մահվան հարց, մահ կամ ազատության հարց:

Ապրել ու պայքարել է պետք՝ թեկուզ սխալներով ու սխալների համար թողություն հայցելով, կյանքը սրբագրելով, բայց ապրել է պետք…

Ու՞մ էր պետք այս երիտասարդ մարդու արյունը:

Իշխանության, պետության պատվախնդրության, արժանապատվության ու պատասխանատվության հարցն է՝ մաքրել արյան այս խարանը Հայաստանի Հանրապետության ճակատից:

Այնուամենայնիվ, սթափվե՛լ է պետք:

Այս կրակոցներից մեկ անգամ ևս համոզվեցի, որ հարատև այս պայքարի մեջ ժողովուրդը երբեք մինչ վերջ չի հաղթել:

Հատվածական այդ հաջողությունների ոգևորությունից, ցավոք սրտի, նա միշտ թուլացրել է իր զգոնությունը՝ հույսով, որ կյանքը մտել է իր բնականոն հունի մեջ:

Այնինչ՝ կրակոց թիկունքից, և փողոցում արյուն կա՝ երկիրը պերմանենտ ցնցումների մեջ պահելու հեռանկարով ու սցենարով…

Պարզվում է, որ ժողովուրդը դեռևս հաղթել է ընդամենը «ճակատամարտը», մնում է, որ հաղթի պատերազմը։
Պե՛տք է, որ հաղթի»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից