Հայաստան 

Ամենուր ամենաթողության, արհամարհանքի մթնոլորտ է. Էլինար Վարդանյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմակերպած հանրահավաք-երթին ելույթ ունենալով հավաքվածների առջև, հիշեցրեց, որ 1948թ. այս օրը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունել է հռչակագիր, որով դեկտեմբերի 10-ը հռչակել է մարդու իրավունքների պաշտպանության օր:

Այնուհետև պատգամավորը հարց ուղղեց հավաքվածներին՝ արդյո՞ք ՀՀ-ում պաշտպանված են իրենց իրավունքները:

 

«Արդյոք ձեր իրավունքները չեն խախտվո՞ւմ, արդյոք դրանք հետո վերականգնվո՞ւմ են: Թվում է, թե պատասխանի կարիքն էլ չկա, որովհետև հենց դրանց ոտնահարումն է շատ անգամ ստիպում մարդկանց արտագաղթել երկրից: Մարդու իրավունքների խախտո՞ւմ չէ, երբ հաշմանդամը ստանում է 18 հազ. դրամ, խախտո՞ւմ չէ, որ նվազագույն աշխատավարձը կենսաապահովման զամբյուղին հասնելու միտում էլ չունի, խախտո՞ւմ չէ, որ թոշակառուի աշխատավարձը կոմունալ ծախսերին անգամ չի բավարարում, երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքները ավելի բարձր են, քան նվազագույն աշխատավարձն է... Ցանկը կարելի է անվերջ շարունակել»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ զարգացած երկրներում, երբ խախտվում է մարդու իրավունքները, դիմում են անկախ մարմիններին:

 

«Որևէ մեկը վստահո՞ւմ է դատարաններին, կառավարման համակարգին: Ամենուր ամենաթողության, արհամարհանքի մթնոլորտ է: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին, մենք պետք է համախմբվենք հանուն վաղվա օրվա, հանուն այն Հայաստանի, որի քաղաքացին կունենա արժանապատիվ ապրելու իրավունք, և դրանք կհարգվեն ու կպաշտպանվեն պետության կողմից: Մեզանից է կախված ամեն ինչ»,-ասաց նա:

Նույն շարքից