«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր մասնակցեց մարդու իրավունքի պաշտպանության հանրահավաք-երթին, գտնում է, որ աշխարհի դուռը պետք է թակել ու ասել, որ ճանաչեն հայ ժողովրդի ցավը, արդարությունը, բայց եթե Հայաստանի ներսում չկա արդարություն սեփական քաղաքացու, սեփական ժողովրդի նկատմամբ, թող ոչ մեկը աշխարհից չպահանջի իրեն ճանաչել:
«Անմարդկայնությունը մեր ներսում է առաջին հերթին: Այս վիճակը պետք է փոխենք, որպեսզի դեկտեմբերի 10-երը լինեն Արցախի հանրաքվեի շնրոհավորանքի օրեր, որպեսզի մենք ունենանք Հայաստան առանց քաղբանտարկյալների և առանց մարդու իրավունքների խախտման: Այդ խախտումն ամեն տեղ է, ամեն քայլափոխի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի գործունեությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց. «Ես կսպասեմ և կպայքարեմ ձեզ հետ միասին, մինչև մենք կունենանք սահմանադրական, իրավական Հայաստան: Ես ոչ մեկի չեմ սպասելու, բայց սպասելու եմ, որ Հայաստանի քաղաքացին ինքը տիրանա իր հրապարակին: Այս հարթակը պետք է լիքը լինի, ով բացակա է, թող Համո Սահյանին այլևս չմեջբերի»:
Նա նաև տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» այլ քաղաքացիական ժողովներ ևս կհրապարակի 2015 թ.-ի սկզբին: