Հասարակություն Սպորտ 

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում: Այս մասին հայտնում է News.am-ը:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիևին: Եզրափակիչ գոտեմարտի առաջին մրցափուլը երկու ըմբիշները սկսեցին հավասար ակտիվութամբ: Մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարը Արթուր Ալեքսանյանին պասիվություն տվեց և մեկ միավոր շնորհեց ադրբեջանցի ըմբիշին: Օրխան Նուրիևը պարտերից աշխատելու հնարավորություն ստացավ, սակայն Արթուր Ալեքսանյանին գետնից պոկել չկարողացավ: Ըմբիշները հանգստի գնացին 1:0 հաշվով՝ ադրբեջանցու առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը նախ մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար, ապա երկու միավորանոց գլորում կատարեց պարտերից: Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակով:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:

Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո: Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից