Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց երկուշաբթի օրը` դեկտեմբերի 15-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվելու են ութ միջազգային պայմանագրեր, ԵՏՄ անդամակցության հետ կապված մի շարք օրենքներ, ՀԴՄ-ների հետ կապված օրենքի նախագիծը, ՏՏ ոլորտի արտոնությունների շնորհումը, Գյումրիի օդանավակայանի օդի տուրքի հետ կապված փաթեթը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ գազի հանձնաժողովի եզրակացությունը ևս պետք է քննարկվի ԱԺ արտահերթ նիստին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս գաղափարը դուր չեկավ:
«Թող արտահերթ նիստ հրավիրեն, իրենք այդ խնդիրը լուծեն, մեզ հետ ի՞նչ կապ ունի գազի հանձնաժողովը: Մեր պայմանավորվածությունը ԱԺ-ի հետ այդպես չէ, որքանո՞վ է կոռեկտ, որ մենք բերենք, մեր արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկենք, չենք դառնա՞ քննադատության առարկա»,- ասաց վարչապետը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ նման պրակտիկա կա Ազգային ժողովում, երբ կառավարության ներկայացրած արտահերթ նիստի ժամանակ քննարկվում են նաև նման հարցեր:
Վարչապետը արձագանքեց. «Ես առաջարկում եմ՝ թող իրենք որոշեն, ճիշտ չի լինի խնդիրը կառավարության հետ կապել»: