Քաղաքականություն 

ՊԵԿ աշխատակիցները ծանոթանում են հարկային ոլորտում ռիսկերի բացահայտման եվրոպական փորձին

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական միության հետ համատեղ հունվարի 20-22-ը ՊԵԿ աշխատակիցների համար նախաձեռնել է աշխատաժողով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Եվրոպական միության լավագույն փորձը հարկային օրենսդրության պահպանման ռիսկերի բացահայտման, որոշման, գնահատման ընթացակարգերի և մեթոդների» թեմայով աշխատաժողովն իրականացվում է ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) շրջանակում և նախատեսված է ՊԵԿ ավելի քան 30 աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնակցում են նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:

Երեք օրերի ընթացքում ԵՄ փորձագետները ներկայացնելու են ռիսկերի բացահայտման, հարկային օրինապահությանն ուղղված ռիսկերի կառավարման ընթացակարգերի և միջազգային համագործակցության միջոցով հարկային օրինապահության մակարդակի բարելավմանն առնչվող լավագույն փորձը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ հարկերի պարտաճանաչ վճարման մակարդակի բարձրացումը կոմիտեի օրակարգի առաջնահերթություններից է. «Դա հարկային պոտենցիալը բացահայտելու և ներքին ռեսուրսներն ու չբացահայտված ներուժը մոբիլիզացնելու լավագույն միջոցն է, որը կարող է նպաստել երկրում արդար, հավասարակշռված հարկային համակարգի ձևավորմանը:

Հետևաբար, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը հիմնարար դեր է խաղում հարկային ծառայության առաքելության իրականացման գործում»:

Միքայել Փաշայանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը շարունակելու է էլեկտրոնային ծառայությունների ներդրումը համակարգում և կարևորել է վերլուծական ներուժի ու գործիքների ընդլայման` վերջին տարիների տեմպերը:

Աշխատաժողովի մասնակիցները նաև գործնական օրինակներով ծանոթանալու են ռիսկերի արդյունավետ կառավարման վերլուծական գործիքներին, քրեական ոլորտում ռիսկերի կառավարմանը և ստուգման ավարտից հետո վերլուծությունների իրականացմանը:

Նույն շարքից