Ներկա պահին Հայաստանի համար առաջացել են արտաքին մարտահրավերներ, ներքին կյանքում՝ բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար օրակարգային հարց է դարձել սահմանադրական բարեփոխումների հարցը: Դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: «Ես անձամբ կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների գնալու նախաձեռնությունը ժամանակին էր և տեղին: Դա անհետաձգելի հարց է, որի արդյունքում մենք պետք է անցնենք կառավարման խորհրդարանական համակարգին»,- նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներից կածանցվեն այն բոլոր մտահոգությունները, որոնց մասին բարձրաձայնում է ընդդիմությունը: «Մասնավորապես, նրանց կետերից մեկն էլ այն է, որ մենք անցնենք 100 տոկոսանոց համամասնական համակարգի: Կարծում եմ, որ այդ հարցերը պետք է լուծվեն նոր Սահմանադրության եղանակով, որովհետև նոր Սահմանադրությունը մեզ որակապես նոր հարթություն կբարձրացնի»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով կհաջողվի բարձրանալ համագործակցային մտածողության վրա հիմնված հարթություն, որը բացառելու է այն վայրի մրցակցային հակամարտ հարաբերությունները, որոնք եղել են նախկինում, և այսօր էլ կան դրանց դրսևորումները: