Հասարակություն 

Ինչու Առողջապահության փոխնախարարը չի բարեհաճել ժամանել Մարալիկի հիվանդանոց

analitik.am

Օրերս Մարալիկի բժշկական կենտրոնում սպասում էին ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանին՝ ծննդօգնության ծառայությունների հարցը քննարկելու համար։

ՀՀ Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը Analitik.am-ին տեղեկացրեց, որ փոխնախարարը չի եկել խորհրդակցության, իսկ թե ինչու՝ տեղյակ չէր։

Հիշեցնենք, որ Մարալիկի հիվանդանոցին Առողջապահության նախարարությունը որևէ մակարդակ չէր տրամադրել, ինչը ենթադրում է, որ ծննդօգնության ծառայություններն այլևս չեն գործի։ Օրեր առաջ, մարալիկցիները և հիվանդանոցի աշխատակիցները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը, պահանջում էին չփակել Մարալիկի հիվանդանոցը։

Ասլանյանը նաև հաղորդեց, որ Մարալիկի աշխատակազմի հետ խորհրդակցությանը հրավիրվել էր նաև Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի մասնագետը, ով նաև Առողջապահության նախարարության մշտադիտարկման հանձնաժողովում էր։ Ներկա էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Ըստ նրա, ուսումնասիրել են հիվանդանոցի տարածքը, այժմ փորձում են Մարալիկի հիվանդանոցը համապատասխանեցնել նախարարության չափանիշների պահանջներին․ «Մարալիկի հիվանդանոցը վերանորոգված տարածք ուներ, որը չէր օգատգործվում, այժմ օգտագործելու են և աշխատանքն այդ տարածքում են ծավալելու»,-ասաց Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչը։

Ըստ նրա, որոշ գործիքներ ձեռք բերելու անհրաժեշտություն կա, օրինակ մոնիտորի, որը խոստացել են ձեռքբերել։ Նաև մասնագետներով համալրելու անհրաժեշտություն կա, այս ուղղությամբ ևս քայլեր են կատարում։ Աշխատանքների ավարտից հետո կդիմեն նախարարություն՝ մակարդակ ստանալու համար և Մարալիկի հիվանդանոցը կշարունակի աշխատանքը։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից