2019 թվականի նոյեմբերի 23-ին համացանցում տարածվել էին Դրախտիկ գյուղի դպրոցի լուսանկարները, որոնցից պարզ է դառնում, թե ինչ սարսափելի պայմաններում են սովորում աշակերտները: Հրապարակմանն ավելի ուշ արձագանքել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հայտնելով, որ տեղյակ է դպրոցի մասին և տեղեկացնելով, որ արդեն խոսել է մարզպետ Գնել Սանոսյանի հետ, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար:
2019 թվականի դեկտեմբերի 25-ին Analitik.am-ը խոսել էր Դրախտիկ գյուղի գյուղապետ պարոն Առաքելյանի հետ, ով ասել էր, որ գյուղը գազաֆիկացված չէ, սակայն խողովակաշարը գրեթե 100 տոկոսով անցկացված է, իրենց արդեն խոսք են տվել, որ 10 օրվա ընթացքում գազը կմտնի գյուղ:
Այսօր՝ հունվարի 20-ին Analitik.am-ը Դրախտիկ գյուղի դպրոցի գազի հետ կապված կրկին խոսեց համայնքապետ Սուլիկո Շուշանյանի հետ, ով ասաց, որ Դրախտիկ գյուղի ջեռուցման հետ կապված ֆինանսավորումն արդեն արվել է. «Հենց նոր մարզպետարանում էի, ու նախահաշվարկն էի նայում: Նախագիծն արդեն կա, ամեն ինչ պատրաստ է, իսկ վաղը դպրոցի տնօրենի հետ միասին կկազմակերպենք գնումները, որպեսզի սկսեն շինարարական աշխատանքները»:
Օֆելի Իսրայելյան