Հունվարի 17-ին, Երևանում գտնվող իր բնակարանում հայտնաբերվեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Նա ընդամենը 38 տարեկան էր:
Կուտոյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել մի շարք ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և այլոք:
Ցավակցություն չհայտնած գործիչներից է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ում, ի դեպ, չեն տեսել Կուտոյանի ոչ հոգեհանգստին, ոչ էլ այսօր՝ հուղարկավորությանը:
Այսօր Analitik.am-ը փորձեց ծառայությունից ճշտել, թե ինչու ՀՔԾ պետը ցավակցական հայտարարություն չի տարածել: Մեզ հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին: Սակայն այդ «ավելի ուշ»-ն այդպես էլ չեկավ, քանի որ դրանից հետո մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան: