Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

analitik.am

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-ին ընդունեց Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Միկիսկային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Պետր Միկիսկայի երկամյա արգասաբեր գործունեությունը Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատարի պաշտոնում վստահություն է ներշնչում, որ առաքելության ընթացքում դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա` հայ-չեխական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ իր գործունեության բարձր գնահատականի համար՝ նորանշանակ դեսպան Միկիսկան նշեց, որ Չեխիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացումը եւ դրա մասին է վկայում Երեւանում ռեզիդենտ դեսպան նշանակելու մասին որոշումը։ Նա վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի` Հայաստանի եւ Չեխիայի միջեւ համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին բարձր մակարդակով առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության, առեւտրատնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում փոխգործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը եւ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Նույն շարքից