Հայաստան 

Արամ Սարգսյանը համոզված է՝ իշխանությունները վախենում են ազատամարտիկներից

Ցանկացած բռնություն դատապարտելի է, և կապ չունի՝ այն իրականացվել է պատգամավորի՞, թե՞ հասարակ քաղաքացու նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ սա մարդու իրավունքների խնդիր է:


«Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների, դեմոկրատիայի, մարդկային պետության արժեքների մասին, դա էլ նույն ձևի մարդու իրավունքներից մեկն է: Առանձնահատուկ կարող է լինել հասարակական-քաղաքական գործչի նկատմամբ իրականացվող դեպքը, որի նկատմամբ բռնություն գուցե գործադրվում է իր քաղաքական գործունեության համար: Դա արդեն այլ որակ է տալիս, բայց, ընդհանուր առմամբ, ես դատապարտում եմ: Իմ գործընկերն է, և գիտեմ, որ դա չէ գործելու ձևը»,-ասաց նա:


Նույն հարցի շուրջ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ ինքն համոզված է, որ իրականում վերջին բռնություններն ուղղված են ազատամարտիկների դեմ:


«Եթե մեկից վախենում է իշխանությունը, ապա նրանք ազատամարտիկներն են: Նրանք չեն համակերպվում անարդարությունների հետ, ու իշխանությունը գիտակցում է, որ ինչքան համախմբվեն, այնքան վտանգավոր են լինելու իրենց համար: Ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք գտնում են, որ երկիրը պետք է փրկել»,-ասաց նա:

 

 

Նույն շարքից