Հայաստան 

Պաշտպանության նախարարության հասարակական խորհուրդն սկսել է քննարկել զորակոչիկների ծնողների դիմումները

ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը մեկնարկել է: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է դեկտեմբերի 15-ին. քննարկվել են մի խումբ ծնողների դիմում-բողոքներն ու համաձայն դրանց ներկայացվել միջնորդություններ:

Տարեցտարի խորհրդին ավելի շատ ծնողներ են դիմում: «Հանձնաժողովը կաշխատի ամեն օր մինչեւ դետեմբերի վերջ եւ ծնողների դիմում-բողոքների քննարկումից հետո համապատասխան միջնորդություններ կներկայացնի»,- ասաց Հարությունյանը:

Հանձնաժողովին դիմած Դավիթ Ամիրխանյանի տատիկը ցանկանում է, որ թոռնիկը տանը մոտ զորամասում ծառայի: Բժշկական հանձնաժողովի որոշմամբ` Դավիթն ամիսներ առաջ վիրահատվել էր, այժմ պատրաստ է ծառայության, սակայն նրա մայրն ու տատիկը միայնակ են ապրում, երկուսն էլ վատառողջ են եւ ցանկանում են, որ, համաձայն օրենքի, զորակոչիկը բնակավայրին մոտ զորամասում ծառայի: Գեղամ Հարությունյանն ասաց, որ համապատասխան միջնորդություն կներկայացնեն խնդրի առնչությամբ:

Արթուր Մխոյանի մոտ էլ հանձնաժողովը հայտնաբերել էր ողնաշարի խնդիր, որը հանգեցրել է տեսողության խանգարման, նաեւ` ոտքերի ուժեղ ցավի: Հանձնաժողովն այս առնչությամբ էլ խոստացավ համապատասխան միջնորդություն ներկայացնել: 

 Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 11.00-16.00-ը: Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Նույն շարքից