Հայաստան 

Վարդան Այվազյանի համար անհասկանալի է տեղական արտադրանքի թանկացումը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատրաստվում է առաջիկայում մոտ օրերս Ազգային ժողով հրավիրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ հասկանալու, թե ինչու է տեղական արտադրանքի գինը օրեցօր աճում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հանրապետական» խմբակցության պատգամավորը նշեց, որ իր համար զարմանալի է, որ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներից բարձրացել են ոչ այնքան ներկրված, որքան տեղական ապրանքները:

«Փոխարժեքի տատանումը միակ գործոնը չէ, որ կարող է բերի գնաճի: Այստեղ կան բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հասկանալ, ինչի համար Շաբոյանին պետք է հրավիրենք ԱԺ: Կարծում եմ, որ պետք է սպեկուլյատիվ դաշտը ուսումնասիրել՝ բանկերից սկսած մինչև վաճառողներ»,-ասաց նա:

Վարդան Այվազյանն ընդգծեց, որ բոլորը պետք է հիմնավորեն իրենց ապրանքների թանկացումները:

«Գոյություն ունի ՏՄՊՊՀ-ի մասին կանոնակարգված ռեժիմներ, որոնք հստակ ասում են, թե երբ կարող ես ապրանքիդ գինը բարձրացնել: Այստեղ կա մի խնդիր, որ գնաճը զսպելու գործիքակազմի մի մասը իրականացվում է մի մարմնի կողմից, մյուս կեսը՝ մեկ ուրիշ մարմնի»,-ասաց նա:

Նույն շարքից