Հայաստան 

Հայ-իրանական հարաբերությունների մակարդակը հնարավոր է բարձրացնել մի քանի անգամ. Երվանդ Զախարյան

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Հայաստանի պատվիրակությունը` դեկտեմբերի 15-16-ին Թեհրանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Հայկական պատվիրակության կազմում են նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը բացել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերություններն ընդգրկում են ամենատարբեր բնագավառներ և ունեն զարգացման մեծ ներուժ: Մեզանից յուրաքանչյուրն այդ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև նոր նախագծերի կազմման գործում ունի պատասխանատվության իր բաժինը և անելիքները: Մեր երկրների Նախագահները բազմիցս նշել են, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները դեռևս չեն համապատասխանում երկկողմ քաղաքական հարաբերություններին, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա: Երկկողմ տնտեսական հարաբերությունների ներուժի միայն փոքր մասն է օգտագործված, իսկ արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք այդ հարաբերությունների մակարդակը բարձրացնել մի քանի անգամ»,- ասել է Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով` տնտեսության ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար կա իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք և այսօր պետք է ուշադրություն դարձնել երկկողմ տնտեսական կարևորագույն նախագծերի, մասնավորապես, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Իրան-Հայաստան երկաթգծի, Մեղրի ՀԷԿ-ի և այլ խոշոր ծրագրերի իրականացմանը: «Կարծում եմ, որ մեր երկկողմ տնտեսականհարաբերությունների ընդլայնման գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառուցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, ինչպես նաև համատեղ ներդրումների խրախուսումը»,- հավելել է նախարարը:

«Փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ-իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է մեր երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը, և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լրացուցիչ լիցք հաղորդել համատեղ նախագծերի իրականացմանը»,- վստահեցրել է հայ-իրանական միջկառավարական հնաձնաժողովի համանախագահ Երվանդ Զախարյանը:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին կքննարկվեն տնտեսական ոլորտի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Աշխատանքային խմբերը երկու օրվա ընթացքում ի մի կբերեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքներն ու հետագա անելիքները:

Նիստի ավարտին կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992թ.` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ:

Նույն շարքից