Հայաստան 

Խորհրդարանում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանի երկրորդ օրը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված՝ «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով Համաշխարհային բանկը պատրաստվում է 25 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրել 75 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Ֆինանսների նախարարի տեղակալը նշել է, որ այս վարկը բյուջետային աջակցություն է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական Զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված՝ «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցողի դիտարկմամբ՝ Ասիական զարգացման բանկը Հայաստանին կրկին 25 տարի մարման ժամկետով տրամադրելու է 37 մլն ԱՄՆ դոլար՝ ճանապարհային տրանսպորտի եւ ջրամատակարարման ոլորտներում կառավարման համակարգեր հիմնելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Մաքսային կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Վախթանգ Միրումյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ ՀՀ ազգային օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությամբ:

Նույն շարքից