Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց վերջին շրջանում ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումները դատապարտող հայտարարությունը, որը ներկայացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ընդունել որպես ՀՀԿ խմբակցության հայտարարություն: Ազգային ժողովի նիստի մեկնարկին Բաղդասարյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց, որի ժամանակ էլ հորդորեց այդ հայտարարությունն ընդունել որպես ՀՀԿ խմբակցության կողմից արված դատապարտող հայտարարություն: «Ես խնդրում եմ մեր գործընկեր Արամ Մանուկյանի, ինչպես նաև ազատամարտիկների վրա հարձակումները դատապարտող հայտարարությունը, որը երեկ հրապարակեց Ազգային ժողովի նախագահը, ընդունել ի գիտություն՝ որպես Հանրապետական խմբակցության հայտարարություն»,-նշեց Բաղդասարյանը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով պատգամավորներին հորդորեց քայլեր ձեռնարկել հարձակումները դատապարտող ԱԺ հայտարարության ընդունմանը հասնելու համար: «Առանձին հայտարարություններով յուրաքանչյուր խմբակցություն էլ կարող է հանդես գալ, սակայն ճիշտ կլինի, որ մենք հասնենք Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարության: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դրան հասնել, հնարավորություններ դրա համար դեռևս կան»,- ասաց Ռուստամյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 15-ի նիստում հրապարակեց ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքերը դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր պատգամավորներին միանալ այդ հայտարարությանը:
ԱԺ նախագահի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով, ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը՝ մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար, ընդգծելով, մեր գործընկեր Արամ Մանուկյանի և բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունը Ազգային ժողովի և անձամբ Ազգային ժողովի նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը, հայտարարում ենք. մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամբ: Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը և կարող են ավելացնել անհարկի լարվածություն հասարակության մոտ»: