Հայաստան 

ՍԴՀԿ-ն պահանջում է պատժել ազատամարտիկներին ու պատգամավորին ծեծելու պատվեր տվողներին ու իրագործողներին

«Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը դատապարտում է ազատամարտիկների և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ վերջերս իրականացված բռնությունները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց, որ իրենք մասնակցել են բռնությունները դատապարտող երեկվա երթին:

«Մեզ համար զազրելի է, երբ որևէ անհատի իր հայացքների կամ քաղաքական հայտարարությունների համար ծեծի են ենթարկում: Մենք այդ ամենը տեսել ենք, մեր գլխով անցել է ու մեծ հույս ենք հայտնում, որ պատկան մարմինները արագ կպարզեն ծեծի դրդապատճառներն ու կպատժեն պատվիրողներին ու իրագործողներին»,- ասաց նա:

Նարեկ Գալստյանը նկատեց, որ Հայաստանում հավ գողացողին միանգամից մի քանի տարով դատապարտում են, իսկ մարդ ծեծողին՝ բաց թողնում: «Հանրապետականը ինքը պետք է շահագրգռված լինի, որ այս հարցը լուծվի, մեղավորները պատժվեն, որպեսզի մեկ անձի կատարած քյալագյոզությունը չվերագրվի բոլորին»,- ասաց նա:

Նույն շարքից