Հայաստան 

Հովհաննես Իգիթյանը՝ Արամ Մանուկյանին

Այսօր մամուլի ասուլիսին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն, անդրադառնալով վերջին շրջանում ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստին, ասաց, որ եթե ազատամարտիկները տեսնեն, որ իշխանությունները չեն լուծում այդ խնդիրները, կարող են բարկանալ և այդ խնդիրները լուծել իրենց իմացած ձևով, ինչը վտանգավոր է:

Նա նկատեց, որ այսօր խորհրդարանում ևս օգտագործվում է փողոցային բառապաշար:  Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելուն, ապա Հովհաննես Իգիթյանը նրան առողջություն  մաղթեց և նշեց.«Քո քվեարկած ԵՏՄ-ն  սա է Արամ Մանուկյան, մի վազեք Եվրոպական միության դեսպանների մոտ, որովհետև եթե դուք կողմ եք քվարկում ԵՏՄ-ին ու ժողովրդին էլ ասում եք, թե սա  անխուսափելի է, ապա  իմացեք՝  սա  է լինելու:  Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգեն այս իշխանություններին, որ այսպիսի բաներ չարվեն»:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանը համաձայնեց, որ ցանկացած բռնություն ցանկացած բռնարարք դատապարտելի է,  առավել ևս, երբ այն տեղի է ունենում այս  երկրի առաջ որոշակի վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ: «Այստեղ ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք հասկանալ դրդապատճառները և պիտակներ չկպցնենք ինչ-որ ուժերի կամ  մարդկանց վրա՝ կախված նրանից, թե քեզ այս պահին ինչ է պետք  ասել: Պետք է արհեստավարժ հետաքննություն անցկացնել և տեսնել, թե յուրաքանչյուր դեպքում ինչն է եղել դրդապատճառը, փոխկապակցված են այս ամենը և մի  կենտրոնից են ուղղորդված»,- ասաց նա և նշեց, որ ցանկացած այլ ենթադրություն  սպեկուլյատիվ բնույթ է կրում:

Ինչ վերաբերում է այս համատեքստում ԵՏՄ անդամակցությանը՝ Մանվել Բադեյանն ասաց. «Վաղը կարող է եղանակը վատը լինել,  և կարելի է ասել ԵՏՄ մտանք, դրա համար է եղանակը վատ»:

Նույն շարքից