Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը սաբոտաժ է անում․ Նիկոլ Փաշինյանին իրավիճակը սխալ ձևով է ներկայացնում․ ԱՏՁՄ գործադիր տնօրեն

analitik.am

«Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը Հայաստանում սկսվել է 2014 թվականին։ 2014-2017 թթ-ին «Արմաթ» լաբորատորիաներին պետական բյուջեից տրամադրվող ֆինանսավորումը կազմել է 188 մլն դրամ, բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, իսկ 2018 և 2019 թթ-ին պետբյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ և բացվել է 355 լաբորատորիա:

«Մեզ մեղադրում են, թե «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Մենք այսօր հանրապետությունում ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից և մենք ասում ենք՝ այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և պետք է խուսափենք մեկ անձից գնումներից»,-Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Analitik.am-ի հետ զրույցում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ սաբոտաժ կա և նախկինում կասկածում էր, որ սաբոտաժը Կրթության նախարարության ներսում է, բայց պարզվում է, որ Արայիկ Հարությունյանը սաբոտաժ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

«Նախարարն իրավիճակը սխալ ձևով է ներկայացնում։ 284 լաբորատորիաների ամբողջական տենդերը մենք արել ենք մրցութային կարգով և համապատասխան բոլոր փաստաթղթերը հիմա գտնվում է ԿԳՄՍՆ-ում։ Հարցը նրանում է, թե ինչ շահագրգռվածություն ունի նախարարը, ով թյուրիմացության մեջ է գցում վարչապետին՝ ասելով, որ դա կատարվել է  առանց մրցույթի»,-ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ 2019 թվականին ԿԳՄՍՆ-ն Սիմոնյան հիմնադրամին, առանց մրցույթի 12,5 մլն եվրո է փոխանցել և նա այստեղ կոռուպցիոն ռիսկ է տեսնում, քանի որ կեղծ հիմնավորումներ են տրվել։ Հիմնավորումներից մեկն այն է, որ Սիմոնյան հիմնադրամը միայն ինքը կարող է այդ ծրագիրն անել, օրինակ կապ ունի ՏՏ ընկերությունների հետ, որ իր շենքում մի քանի ՏՏ կազմակերպություն է նստած։

«Հիմնավորումներում նշվում է նաև, որ Սիմոնյան հիմնադրամը կապեր ունի դրսում, իսկ ԱՏՁՄ-ն համաշխարհային ՏՏ ասոցիացիայի անդամ է և ՏՏ համաշխարհային կոնգրեսն է իրականացրել Հայաստանում։ ԱՏՁՄ-ն 110 անդամ ունի։ Կեղծ հիմնավորումներով 12․5 մլն եվրո Հարությունյանը տվել այդ կազմակերպությանը, որ շենք սարքի։ Շենքը կկառուցվի 4-5 տարում՝ մինչ այդ կամ էշը կսատկի, կամ էշատերը»,-պատկերավոր ներկայացրեց իրավիճակը ԱՏՁՄ գործադիր տնօրենը։

Ինչ վերաբերում է Արմաթ ծրագրի արդյունավետությանը, ապա Վարդանյանը նշեց, որ 5 տարի է այդ ծրագիրն իրականացվում է և դեռ չե՞ն ստուգել՝ ծրագիրն արդյունավետ է, թե՝ ոչ․ «10․5 միլիոն դրամ տրվել է ինժեներական կրթության չափորոշիչների որոշման համար, որը մեր միության մասնագետների համար 2-3 ժամվա գործ ու հարց է, թե այդ 10․5 միլիոնը որտե՞ղ է»,-հարցրեց նա ու մատնանշեց, որ Սիմոնյան հիմանդրամին ԿԳՄՍՆ-ն առանց մրցույթի է գումարը փոխանցել և այսօր Հարությունյանը խոսում է մրցույթի մասի՞ն։

«Պետք է հասկանալ, թե ինչ շահագրգռվածություն ուներ նախարարը։ Ակնհայտ է, որ վարչապետին  Արայիկ Հարությունյանը սաբոտաժի է ենթարկում։ Վարչապետի խնդիրն է հասկանալ, թե նախարաարն ինչու է այդպես անում։ Ինչպե՞ս է պատահում, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ Արայիկ Հարությունյանին փրկում է՝ դա կլինի ֆիլմ, կլինի Ինչ, Երբ, Որտեղ հաղորդաշար։ Անընդհատ փրկելով ԿԳՄՍ նախարարին՝ դրանով իջեցնում է կառավարության վարկանիշը։ Եթե մարդն անընդհատ կառավարությանը հարվածում է՝ ինչպե՞ս կարելի է նման մարդու հետ համագործակցել»,-ասաց Վարդանյանը։

Երկու դիտարկում։ Այս տարի կրկնապատկվել է մեկ անձից գնումները հենց պետական մակարդակով, իսկ թե 575 լաբորատորիաները չեն հիմնվել մեկ կազմակերպության, հիմա՝ ԱՏՁՄ-ի կողմից։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից