ԱԺ 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց նախաձեռնած արտահերթ նիստին մտադիր էին հրավիրել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ով հայտարարել էր, որ «շան թուլի պես» կկտրի իր նախագահին բան ասողի ականջները։
Վերջին բռնարարքներից և բացահայտ «բեսպրեդելից» հետո տարբեր ՀՀԿ–ական գործիչներ իրենց ենթակա մամուլում հայտարարում էին, թե սա բացարձակապես ձեռնտու չէ իշխանությանը, և նույնիսկ փորձում էին երրորդ, չորրոդ հետք գտնել։ Որևէ մեկը չէր խանգարում ՀՀԿ–ին՝ համաձայնել արտահերթ նիստ հրավիրելուն, այլ ոչ թե իր մշտական ոճին հավատարիմ մնալով՝ տապալեր այն։ Եթե հերթական անգամ իրենք փախնում են բաց, հրապարակային քննարկումներից, խոսել փաստերով, նշանակում է, որ չունեն ասելիք, իսկ այն խոսքերը, որ այս ամենը ձեռնտու չէ իշխանությանը, ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է Լ. Երանոսյանին ընդամենը «դաստիարակչական նկատողություն» տալով բավարարվելուն՝ Ն. Զոհրաբյանն ընդգծել է. «Սա մեկ բանի մասին է վկայում՝ որ իշխանությունը պատրաստ չէ մի բարձրաստիճան ոստիկանապետի հրաժարականը պահանջել, ով իրեն այսպիսի հայտարարություններ է թույլ տալիս»։
Ն. Զոհրաբյանը նաև հայտնել է, որ վաղը ևս մեկ արտահերթ նիստ կնախաձեռնեն՝ անդրադառնալով դրամի կտրուկ անկմանը։ Այս հարցը քննարկվել է նաև ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի այսօրվա աշխատանքային հանդիպմանը։
Երկրում ստեղծված է խայտառակ ֆորսմաժորային իրավիճակ։ Մտադիր ենք ժողովրդին ամեն րոպե աղքատացման խայտառակ վիճակի մեջ գցող պատասխանատուներին հրավիրել ԱԺ և ստանալ յուրաքանչյուր քաղաքացուն հոզող հարցերի պատասխանը,–ասել է Ն. Զոհրաբյանը։