Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը կարևոր են համարում կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, իսկ նստաշրջանը բոյկոտելը նրանք կապում են ստեղծված իրավիճակի հետ: Ազգային ժողովում 4 ոչ իշխանական ուժերի համատեղ ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ նիստի օրակարգում ընդգրկված էին շատ հետաքրքիր հարցեր, որոնց ինքը կցանկանար մասնակցել, սակայն բոյկոտի մասին որոշում է կայացվել, քանի որ անհրաժեշտություն կար առաջին հերթին քննարկելու վերջին բռնությունների դեպքերը, որոնց զոհն է նաև պատգամավոր Արամ Մանուկյանը: «Բոյկոտելու որոշումը պայմանավորված էր ստեղծված իրավիճակով՝ ազատամարտիկների և մեր գործընկերոջ նկատմամբ իրականացված բռնությունների հետ»,- նշեց Ջհանգիրյանը:
Նրա տեսակետը պաշտպանեց նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով նշեց, որ նստաշրջանի օրակարգում իսկապես կան հետաքրքիր և կարևոր նախագծեր, իսկ բոյկոտի մասին որոշումն իրավիճակային էր՝ կապված վերջին բռնությունների հետ: Նա ընդգծեց նաև, որ կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգում կան նաև մի շարք վարկային պայմանագրեր, որոնց իրենք դեմ են, սակայն բոյկոտելու որոշումը որևէ կապ չունի դրա հետ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ պաշտպանեց պատգամավորների տեսակետը՝ բոյկոտի որոշման իրավիճակային լինելու մասին: