Հայաստան 

Ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց առանց քաղաքական շահարկումների. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան լրագրողների հարցի, թե  արդյոք ՀՀԿ-ն պատրաստ է դրամի արժեզրկման և գնաճի հարցով եռյակի և ՕԵԿ-ի առաջարկած արտահերթ նիստին քվե ապահովել՝ նշեց, թե ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց առանց քաղաքական շահարկումների:

«Չեմ կարող այս պահին պատասխանել, քանի որ քաղաքական թիմը պետք է որոշի, բայց գործողություններն անհիմն եմ համարում: Եթե նման խնդիր կա ցանկացած հանձնաժողով կարող է լսում կազմակերպել և եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի կարելի է հանդես գալ օրենսդրության առաջարկությամբ»,- ասաց ԱԺ նախագահը: 

Գալուստ Սահակյանը հարկ համարեց ընդգծել, որ  դոլարի արժևորումը և դրա հետևանքները ոչ միայն Հայաստանի, այլ ցանկացած երկրի տնտեսության վրա բացասական ազդեցություն է թողնում:

Իսկ թե ԱԺ-ն պատրաստ է եռյակի և ՕԵԿ-ի միասնական հայտարարության համաձայն՝  բռնությունների հարցով դատապարտող հայտարարություն անել՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ հարցը քննարկվում է և եթե ԱԺ մյուս խմբակցությունները կհամաձայնեն, իրենք պատրաստ են, միաժամանակ նշեց, թե, ըստ իրեն, հարցը ժամանակավրեպ է:

«Ես կողմնակից եմ հայտարարությանը, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակավրեպ է: Մինչև արտահերթ նիստը որևէ ընդդիմադիր պատգամավոր չեկավ, որևէ գործունեություն ԱԺ-ում չծավալվեց, պարզապես նրանք փորձում են միտինգային տրամադրությունները տեղափոխել ԱԺ»,- նշեց նա: 

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմախոսների մոտ ցայտնոտային տրամադրություն է. «Որովհետև ակնհայտ է որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ ԱԺ-ում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ փորձ՝  ձախողելու ԱԺ-ի աշխատանքը, որը ինչպես տեսաք չստացվեց»: 

Նույն շարքից