Հայաստան 

Խորհրդարանը շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

analitik.am

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Գրանցվել է 96 պատգամավոր: 


Դեկտեմբերի 16-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: Նախագծով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղեւորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղեւորահոսքի ավելացումը:

 

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի հիմնական նպատակն է վերոնշյալ օրենքի կանոնակարգումները ներդաշնակեցնել ՀՀ ընտրական օրենսգրքի հետ, ինչը թույլ կտա լիակատար եւ ամբողջական կանոնակարգել տեղական հանրաքվեի իրավահարաբերությունները՝ չսահմանելով նոր սկզբունքային փոփոխություններ ընտրական գործընթացների մասնակիցների համար:

 

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Նախատեսվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով առկա բացթողումները, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ` միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:

 

Այնուհետև պատգամավորները քննարկել են մի շարք վարկային համաձայնագրեր, ինչպես նաև մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր:

Նույն շարքից