Հայաստան 

Շարմազանովը դրամի արժեզրկման վերաբերյալ նախընտրում է փակ քննարկման անցկացումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրամի արժեզրկման վերաբերյալ նպատակահարմար է համարում մասնագետների մասնակցությամբ փակ քննարկումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից դրամի արժեզրկման վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, Շարմազանովն ընդգծեց, որ իր համար ավելի ընդունելի է թեմայի վերաբերյալ փակ քննարկման անցկացումը: «Երեկվա նիստի ընթացքում էլ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնել, իսկ մեր գործընկերներն էլ հայտարարել են արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն սկսելու մասին: Սակայն ես երեկ էլ ասել եմ, որ մեզ համար ավելի ընդունելի է փակ քննարկում անցկացնելու տարբերակը: Եվ փակ քննարկման տարբերակի հետ համաձայնել է Հրանտ Բագրատյանը: Նաև այսօր ես զրուցել եմ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, ով նույնպես հակված է փակ քննարկում անցկացնելու տարբերակին»,- նշեց Շարմազանովը:


ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ սա այն հարցն է, որ մասնագիտական խորը գնահատականների կարիք ունի, սա այն հարցն է, որ զգացմունքային և սիրողական մակարդակի մեկնաբանությունների և զգացմունքային հայտարարությունների կարիք չունի: «Չեմ կարծում, որ այս դահլիճում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր ունեն տնտեսական խորը գիտելիքներ, ես էլ եմ դրանց թվին պատկանում, և չունեմ տնտեսական խորը գիտելիքներ»,- նշեց նա։


ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ հարցը շատ մտահոգիչ է, տեսախցիկների և լրատվամիջոցների ներկայությունն այդքան էլ արդյունավետ չի լինի։

«Եթե մենք պիտի նստենք իրար մեղադրենք ու զգացմունքային հայտարարություն անենք, ես կարծում եմ՝ մեր խնդիրը դա չէ»,-ասաց նա:


Շարմազանովը չբացառեց նաև, որ փակ քննարկումը կարող է հենց այսօր էլ տեղի ունենալ: Նա ընդգծեց, որ փակ քննարկումից հետո յուրաքանչյուր պատգամավոր ազատ կլինի լրագրողների հետ շփվելու և իր տեսակետն արտահայտելու հարցում:


Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և «Ժառանգություն»-ն արդեն ստորագրահավաք են սկսել դրամի արժեզրկման և թանկացումների թեմայով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար:

Նույն շարքից