Հայաստան 

Պատգամավորները դռնփակ նիստում քննարկում են երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը

Ազգային ժողովում մեկնարկեց ոչ իշխանական 4 ուժերի հրավիրած արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում է երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը: Նիստին մասնակցելու համար գրանցվել է 106 պատգամավոր: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քննարկումն անցկացվելու է դռնփակ և առանց ընդմիջման:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով անընդունելի համարեց նիստի՝ դռնփակ անցկացնելու մասին որոշումը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ քանի որ հարցը շատ կարևոր նշանակություն ունի և ցանկացած ոչ մասնագիտական հայտարարություն կարող է լրացուցիչ խուճապ առաջացնել հասարակության մոտ, ուստի ԲՀԿ-ն կողմ է նիստը դռնփակ անցկացնելու որոշմանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ որոշ պատգամավորներ իսկապես ցանկանում են այնպես անել, որ հասարակության մեջ խուճապ առաջանա: Նա ընդգծեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է նիստը դռնփակ անցկացնելու որոշմանը, որից հետո հասարակությանը համապատասխան հաղորդագրությամբ տեղեկատվություն կտրամադրվի:

Նիստը դռնփակ անցկացնելու որոշումն ԱԺ նախագահը դրեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 75, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նույն շարքից