Հայաստան 

ԼՂՀ վարչապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել որոշ ապրանքների գների անհիմն բարձրացումը կանխելու համար

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ դեկտեմբերի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դրամի արժեզրկման հետևանքով հանրապետությունում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հետ կապված հարցեր: Կառավարության ղեկավարի խոսքով` հանրապետությունում գների չհիմնավորված բարձրացումները կանխելու և դրանք կայունացնելու համար համապատասխան մարմինների կողմից օրեր առաջ սկսվել են միջոցներ ձեռնարկվել:


Վերջին օրերի ընթացքում հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, հարկային պետական և ազգային վիճակագրական ծառայությունների կատարած ուսումնասիրությունների ու դիտարկումների արդյունքներով, որոշ ապրանքատեսակների  գները զգալիորեն աճել են: Նշանակալի գնաճ է արձանագրվել առանձին ապրանքատեսակների, մասնավորապես, շաքարավազի և բուսական յուղի մասով, տեղական ալյուրի գինը մնացել է անփոփոխ: Ըստ զեկուցումների, տնտեսվարող սուբյեկտների հետ տարվող աշխատանքի միջոցով ոլորտը կարգավորող մարմինները վերահսկում են գների անհիմն բարձրացումները, իսկ տարադրամի փոխարժեքի կայունացմանը զուգահեռ կկայունանան նաև ապրանքների գները:


Վարչապետը խորհրդակցությանը ներկա շահագրգիր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հետևողական աշխատանք տանել շուկայի ամենօրյա ուսումնասիրության ուղղությամբ, իրենց լիազորությունների սահմաններում շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ գների անհիմն բարձրացումները կանխելու համար: Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ դրամի փոխարժեքի կայունացումից հետո գործադիրը համապատասխան հետևություններ կանի և կարիքի դեպքում լրացուցիչ գործիքներ կկիրառի սոցիալական լարումը մեղմելու նպատակով:


ԼՂՀ վարչապետ հանձնարարել է վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ գներիանհիմն բարձրացումները կանխելու համար:

Նույն շարքից