ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդիի և նրան ուղեկցող անձանց հետ: Ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու ընդգծել միմյանց կապող արժեքներն ու ընդհանրությունները: Նա շնորհակալություն է հայտնել իրանական կողմին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանությանն ուղղված քաղաքականության համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները:
«Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին տեղեկացրել է, որ կազմակերպությունը հաջորդ տարի նախատեսել է իրականացնել մի շարք ծրագրեր և սեմինարներ՝ նվիրված հայ և իրանցի ժողովուրդների բարեկամությանը: Ծրագիրը կրում է «Պատմություն. պլյուս 25» խորհրդանշական անվանումը և ընդգրկելու է տարբեր ոլորտներ: ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրերի իրականացմանը և ներկայացրել է առաջարկներ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին. Վահրամ Բաղդասարյանն իրանցի հյուրերին հրավիրել է մասնակցելու այդ միջոցառումներին, ինչը սիրով ընդունվել է: Այս համատեքստում Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին ասել է, որ Իրանում արդեն կազմակերպվել ու առաջիկայում ևս նախատեսվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություններ եւ միջոցառումներ: