Հայաստան 

2014 թվականը բեկումնային տարի է եղել Սոցապնախարարության համար. նախարար

analitik.am

ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց, թե  2014 թվականը կարելի է համարել ամենաբեկումնային տարին արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով:

«2014 թվականը սոցիալական ոլորտի տարբեր ճյուղերում բարեփոխումների մեկնարկի տարի էր, որոնք անխուսափելիորեն ուղեկցվեցին լարված բանավեճերով, բազմաբնույթ առաջարկներով և անհրաժեշտ փոփոխություններով»,- ասաց նախարարը՝ շարունակելով, թե կարևորագույն ձեռքբերումն այն է, որ բոլոր դեպքերում հանրային պահանջը հաշվի առնելու և բաց քննարկումների արդյունքում հնարավոր եղավ համապատասխան լուծումներ գտնել:

Արտեմ Ասատրյանի հավաստմամբ՝ 2014 թվականի բարդ նախաձեռնություններից մեկը վերաբերում էր «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքին, որն իր մեջ խնդրահարույց կետեր էր պարունակում: «Սակայն հաջողվեց վերջնական փոփոխությունները կատարել բոլոր կողմերի համար բավականին ընդունելի տարբերակով, խնդիրն ստացավ իր նպատակային լուծումը, իսկ մյուս կողմից հնարավոր եղավ պահպանել նաև առաջարկվող նոր քաղաքականությունը՝ փոփոխության լավագույն մասը՝ հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնել նաև չաշխատող կանանց»,- ասաց նախարարը:

Կենսաթոշակային բարեփոխումներին անդրադառնալով՝ նախարարն ասաց, թե տարին այս ոլորտում կարելի էր համարել երկխոսության տարի:

Նույն շարքից