Հայաստան 

Խոսրով Հարությունյանը հայ-ռուսական հարաբերությունները հավասարապես կարևոր է համարում երկու կողմերի համար

analitik.am

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները հավասարապես կարևոր նշանակություն ունեն երկու կողմերի համար: «Իհարկե, ցավալի է, բայց Ռուսաստանի քաղաքական վերնախավի առանձին հատվածներում կա այն մոտեցումը, թե հայերը ոչ մի տեղ չեն գնալու: Սակայն, պետք է ասեմ, որ սա որևէ հեռանկար չխոստացող քաղաքական դոկտրին է: Այնպես չէ, որ հայերը ոչ մի այլ տարբերակ չունեն, ուղղակի, օբյեկտիվորեն այնպես է դասավորվել, որ Հարավային Կովկասում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունները համընկնում են»,-  դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:


Պատգամավորն ընդգծեց, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերը չեն համընկնում ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի հետ այնպես, ինչպես Հայաստանի հետ: «Եվ սա շատ լավ գիտակցում են թե՛ Հայաստանում, թե Ռուսաստանում: Եվ այնպես չէ, որ Ռուսաստանը կարող է հեշտությամբ Հայաստանը փոխել Վրաստանի, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ: Հայ- ռուսական ռազմավարական հարաբերությունները մեզ՝ հայերիս պետք են ճիշտ այնքան, որքան ռուսներին: Ոչ ավել, ոչ պակաս»,- շեշտեց պատգամավորը:


Խոսրով Հարությունը նաև կարծում է, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն չեն հեռանալու Հարավային Կովկասից: Ըստ նրա` դրա վառ վկայությունն է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն շարունակում է պահպանել հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: «Նրանք որևէ պարագայում իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները և ներկայությունը Հարավային Կովկասում չեն պակասեցնելու` նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության լոկոմոտիվը: Սա աշխարհաքաղաքականություն է: Նրանք սա Հայաստանի համար չեն անում, այլ ուղղակի իրենց սա պետք է: Իսկ մենք էլ պետք է փորձենք օգտվել դրանից և մեր օգուտները քաղել»,- եզրափակեց Հարությունյանը:

Նույն շարքից