Հայաստան 

Առաջին տիկինն Ամանորի նախաշեմին այցելել է «Մուրացան» հիվանդանոցում բուժվող մանուկներին

Ամանորի նախաշեմին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանուկներին հաճելի անակնկալ է մատուցել Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Դեկտեմբերի 24-ին հանրապետության Նախագահի տիկինն Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ այցելել է մանկական հիվանդանոցˋշնորհավորելու մանուկների Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Նախագահի տիկինը նախ մասնակցել է հիվանդանոցում բուժվող մանուկների գեղանկարների ցուցահանդեսին, ապա անձամբ է վարել ամանորյա տոնական հանդեսը: Երեխաների Նոր տարին շնորհավորելու էին եկել «Կոմպաս» բենդը և «Մանկական Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթին: Երեխաները կատարել են նաև տիկին Սարգսյանի հեղինակած «Արև ենք մենք» երգը, որին միացել են դահլիճում գտնվող երեխաները:

Մանուկներին նվերների հանձնումից հետո, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը  Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ է շնորհել տիկին Ռիտա Սարգսյանին, ով նաև ռուսական «Նվիրիր կյանք» հիմնադրամի հայկական մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Նույն շարքից