Հայաստան 

Կադաստրի սպասարկման գրասենյակի կարգավիճակ կստանան և' իրավաբանական, և ֆիզիկական անձինք

Օրենսդրական փոփոխությունների հիման վրա առաջիկայում Հայաստանում կադաստրի սպասարկման գրասենյակի կարգավիճակ կարող է տրամադրվել  ինչպես առանձին իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Այդ մասին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարզերի միավորված» ստորաբաժանման բացման ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:  


Նրա խոսքով՝ որպես այլընտրանք, առաջիկայում նաև հնարավորություն կտրվի նոտարներին կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ  քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն: «Թույլ կտրվի նաև գործարքից հետո իրավունքների պետական գրանցման համար դիմում մուտքագրել  կադաստրի համակարգ, ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը»,- ասաց Մարտին Սարգսյանը:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում բացվեց նոր կազմավորված «Մարզերի միավորված» ստորաբաժանում, որում միավորվել են կոմիտեի  Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումները:

Նույն շարքից