Հայաստանը փաստացի իրագործում է «և՛, և՛»-ի սկզբունքը՝ Վրաստանի հետ ստորագրելով Ազատ առևտրի համաձայնագիրը, որը ապրանքների փոխադարձ ճանաչման և զրոյական մաքսատուրքեր է ակնկալում:
Այս մասին, ամփոփելով 2014-ի տնտեսական տարին, լրագրողների հետ քննարկմանը հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Խնդրեմ, այն է, ինչի մասին մենք խոսում ենք... ու ներքուստ ձգտում ենք այս երկու համակարգերի համագործակցությանը՝ ստեղծելով կայուն մեխանիզմներ»,-ասաց Վարդան Այվազյանը՝ նշելով, որ պետք է ստեղծել լավագույն տնտեսական մոդել ՝ ԵՄ և ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման և փոխհամագործակցության ուղղությամբ:
Անդրադառնալով դրամ-դոլարային ճգնաժամին՝ Վարդան Այվազյանը նկատեց, որ ընդհանուր համաշխարհային տնտեսական իրավիճակը լավ չէ:
«Եվ որ ասում են, որ համաշխարհային տնտեսության վիճակը Հայաստանի վրա չի անդրադառնում, դա միայն այն դեպքում կլինի, որ Հայաստանը երկրագնդի վրա չլինի»,-ասաց հանրապետական պատգամավորը: