Հայաստանի հանրապետական կուսակցության համար նոր տարվա առաջնային խնդիրներ են շարունակում մնալ Լեռնային Ղարաբաղի հարցն ու Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հնարավոր է՝ 2015թ.-ին ևս մեկ եվրոպական երկիր ընդունի Ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող բանաձև»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ առումով այս տարի ուշագրավ էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գագաթնաժողովում:
«Այնտեղ Նախագահը հանդես եկավ որպես համահայկական առաջնորդ, ազգային պետական գործիչ, և անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին՝ ցույց տվեց ադրբեջանական պրոպագանդայի կեղծ լինելը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նաև նկատեց, որ ՀՀ և Ադրբեջանի Նախագահների, համանախագահների հանդիպումները ցույց տվեցին, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով և Մինսկի խմբի միջոցով:
«ՀՀ Նախագահը ցույց տվեց, որ նա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու Նախագահն է, և նրան հետաքրքրում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»,-ասաց ՀՀԿ խոսնակը: