Հայաստան 

ՏԿԱԻ նախարարը մարզպետների հետ քննարկել է մարզերում ապրանքների գների կայունացման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դեկտեմբերի 25-ի երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ: Արմեն Երիցյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում գրանցված գնաճի վերաբերյալ  և մարզպետների հետ քննարկել է մարզերում ստեղծված իրավիճակը, գների կայունացման գործընթացը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` նախարար Երիցյանը մարզպետներին հորդորել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել մարզերում լայն սպառման, հատկապես պարենային ապրանքների գների հետ կապված իրավիճակը` կանխելով չարաշահումներն ու շահարկումները:

Քննարկվել են մարզպետների լիազորությունների, տարածքային կառավարման համակարգի, մարզերում տեսչական գործունեության   աշխատանքների համակարգման, համայնքներին  հատկացվող դոտացիաների վերաբերյալ մարզպետների ներկայացրած առաջարկությունները:


Բարձրացված հարցերը քննարկելու և ներկայացված առաջարկություններն ամփոփելու նպատակով  Արմեն Երիցյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ:


Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը և օժանդակության  տրամադրման կարգը: Պետության սահմանած արտոնությունների թվում առաջին անգամ 2015թ. ընթացքում  աջակցություն ստացող համայնքների բնակիչ-բաժանորդները սպառած  բնական գազի համար  տարեկան  մինչև 360 խմ  ծավալի, ինչպես նաև  մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց  կվճարեն  50 տոկոսի չափով:


Այս հարցի վերաբերյալ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով մարզպետներին առաջարկվել է խորհրդակցություններ անցկացնել ցանկում ընդգրկված համայնքների ղեկավարների,  «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունների տարածքային մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ և վերջիններիս ներկայացնել արտոնությունների տրամադրման կարգը:


Քննարկվել են  նաև  երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար   Շիրակի մարզում մեկնարկած  բնակարանների գնման  վկայագրերի տրամադրման հարցը և ընթացիկ այլ խնդիրներ:


ՏԿԱԻ նախարարը տեղեկացրել է, որ տարեսկզբից շարունակելու է իր մարզային այլցելությունները, որոնց ընթացքում տեղում ծանոթանալու և լուծումներ է տալու բարձրացված խնդիրներին:

Նույն շարքից