ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանին պաշտոնակ անելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ երեկ կեսօրին արդեն նախագիծը հայտնվել է Ազգային ժողովի կայքում:
ԱԺ կանոնակարգով նախատեսվում է, որ ԱԺ նախագահը նախագիծը պետք է ուղարկի բոլոր խմբակցություններին և նշանակի գլխադասային հանձնաժողով, որն էլ 30-օրյա ժամկետում պետք է նիստ հրավիրի հարցը քննարկելու համար: Ու քանի որ այս ժամկետը հաշվառվում է առանց աշխատանքային օրերի, և Ազգային ժողովն էլ մինչև հունվարի վերջերը արձակուրդում է լինելու, ենթադրվում է, որ հանձնաժողովում հարցը կքննարկվի փետրվար-մարտ ամիսներին:
Նշենք նաև, որ Փաշինյանը նախագիծը թարմացրել և համալրել է նոր կետով, որը վերաբերում է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի տխրահռչակ հայտարարությանը: Իմպիչմենտի նախագծի նոր՝ 9-րդ կետը ներկայացնում ենք ստորև:
«9. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչն արտահայտվել է հետևյալում. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի 2014թ. դեկտեմբերի 11-ի համարում հայտարարել է (մեջբերում). «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես» (մեջբերման ավարտը):
Երանոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել և ոչ էլ հաստատել է, որ արցախյան ազատամարտի «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար:
«ՀՀ ոստիկանության զորքերի մասին» օրենքի հոդված 2-ը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը»։
Նույն օրենքի հոդված 4-ով սահմանվում են ՀՀ ոստիկանության զորքերի գործունեության սկզբունքները: Նշված հոդվածի 1-ին մասում ասվում է. «Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա»։ Նույն հոդվածի 2-րդ մասում ասվում է. «Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության բացառման սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»:
«Ժողովուրդ» օրաթերթում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի արած հայտարարությունները ուղղակիորեն հակասում են «ՀՀ ոստիկանության զորքերի մասին» օրենքով սահմանված սկզբունքներին, որովհետև նա, հանդես գալով որպես ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, հայտարարել է ինքնադատաստան իրականացնելու, ֆիզիկական բռնություններ իրագործելու, այսինքն՝ բացահայտ ապօրինի գործողություններ իրականացնելու իր վճռականության մասին, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և Սահմանադրությանը: Երկրի ուժային կառույցի ղեկավարի կողմից արված նման հայտարարությունները ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, սահմանադրական կարգի դեմ ուղղված գործնական քայլ են:
ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է»:
ՀՀ ոստիկանության մասին օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Ոստիկանության գործունեության նկատմամբ իրենց լիազորությունների սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
ՀՀ Սահմանադրության հոդված 49-ը սահմանում է. «Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում