«Արցախյան կողմը դիվերսիա չի իրականացրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությանը, թե արցախյան կողմը հարձակվել է Ադրբեջանի վրա շփման գծի Աղդամի շրջանի ուղղությամբ՝ կրելով էական վնասներ, թողնելով նաև գերի զինծառայող, ում անունն է Արսեն Էդուարդովիչ Բաղդասարյան:
Դավիթ Բաբայանն ասաց, որ ադրբեջանական կողմը մշտապես նման տեղեկություններ է տարածում: «Մի բան հստակ կարելի է ասել՝ արցախյան կողմը դիվերսիա չի իրականացրել: Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, թե արցախյան կողմը դիվերսիա է իրականացրել, բացարձակապես սուտ է, որովհետև արցախյան կողմը երբեք դիվերսիա չի իրականացնում, քանի որ դա դեմ է մեր ազգային արժեքներին: Քանի դեռ Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես որևէ տեղեկություն չի տարածել, ճիշտ չէ սկսել շահարկել այդ տեղեկությունները: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները որևէ հիմք չունեն»,- ասաց խոսնակը:
Գերու և զոհի մասին ադրբեջանական տեղեկությունները Դավիթ Բաբայանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց՝ հորդորելով սպասել ԼՂ ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը: Ըստ նրա՝ եթե դեռ որևէ հաղորդագրություն չկա, ուրեմն տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և ԼՂ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն այն մասին, որ շփման գծի Աղդամի շրջանի ուղղությամբ հայկական ուժերը դիվերսիոն հարձակում են իրականացրել՝ մեծ կորուստներ գրանցելով: Այդ տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմն ունի գերի՝ Արսեն Բաղդասարյանը: