Հայաստան 

Կրկին ցույցի ելած նաիրիտցիները սպասում են էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը

analitik.am

Նաիրիտ գործարանի մի խումբ աշխատակիցներ այսօր հերթական անգամ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց էին նախաձեռնել:

Գործարանի աշխատակիցներից Աշոտ Ավետիսյանը տեղեկացրեց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել է օրվա ընթացքում ընդունել նրանց և քննարկել խնդիրը:

«Աշխատակիցների մի մասը տեղյակ էր այդ մասին, դրա համար չեն եկել այստեղ, հիմա մենք այստեղ երկար կանգնելով՝ ոչ մի բան չենք անելու, առաջարկում եմ սպասենք ու տեսնենք, թե նախարարի հետ քննարկումն ինչ արդյունք կտա»,-ասաց նա:

Աշխատակիցներից ոմանք չընդունեցին այդ առաջարկը և որոշեցին բողոքի ցույցով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որպեսզի սպասեն նախարարի հետ հանդիպման արդյունքներին: Նախարարը խոստացել է ընդունել նրանց օրվա երկրորդ կեսից հետո:

Նշենք, որ Նաիրիտի աշխատակիցները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձերը և այսօր հավաքվել են միայն այդ պահանջով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էլ, որ նրանք կստանան երկու ամսվա աշխատավարձ, սակայն ինչպես իրենք են նշում, մինչ այսօր դեռ ստացել են կես ամսվա աշխատավարձ:

Նույն շարքից