Հայաստան 

2015–ը կլինի նաև մեր պահանջատիրության տարի. Զ. Փոստանջյանը նախագիծ կներկայացնի ԱԺ

analitik.am

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ 2015 թվականին սպասվում է խորը ճգնաժամ, ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական դաշտում:

«Սպասենք 2015-ին և կտեսնենք, թե ինչպիսին կլինեն քաղաքական ուժերի գործողությունները»,- հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե եկող տարում ինչպիսին են լինելու խորհրդարանական ոչ իշխանական ուժերի գործողությունները:

«2015 թվականը կլինի նաև մեր պահանջատիրության տարին: Պատրաստվում եմ նախագիծ ներկայացնել խորհրդարան: Եկել է մի շրջան, որ մենք պետք է գիտակցենք, որ ՀՀ-ն ոչ միայն այն տարածքն է, որտեղ ապրում ենք,  այլ ունենք հայրենիք, որի վերադարձման և այնտեղ պետականություն ունենալու վերաբերյալ մենք ունենք պահանջ, և որը պետք է սպասարկվի հայ ժողովրդի կողմից»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Վերջինս անդրադարձավ նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության գործողություններին՝ ասելով. «Չնայած նրան, որ Դաշնակցությունը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթղթին, այդուհանդերձ, նա հիմնականում սպասարկում է մեր պահանջատիրությունը և այդ դաշտում համագործակցություն տեղի կունենա: Եթե հայտարարում են, թե Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցումը պայմանավորված է մեր անվտանգությամբ, դրանք ուղղակի լոկ հայտարարություններ են՝ ապահովագրելու իրենց դավաճանությունը: Մինչդեռ, հենց անվտանգությունը գալիս է նրանից, երբ դու ինքնուրույն ես և անկախ»:

Նույն շարքից